Ցեղակրոնություն

Ես ճանաչում եմ իմ ցեղը,
ես հավատում եմ իմ ցեղին,
ես պաշտում եմ իմ ցեղը,
ես ցեղակրոն եմ։

Ցեղակրոնություն



Ցեղակրոնություն, դասական հայ ազգայնականության գաղափարաբանություն, որի նպատակն է հայ ժողովրդի միավորումը Պատմական Հայաստանի տարածքում մեկ՝ հայկական պետության շրջանակներում։ Ցեղակրոնության գաղափարախոսությունը մշակվել և զարգացվել է Գարեգին Նժդեհի և Հայկ Ասատրյանի կողմից։ Ցեղակրոնության մասն ու բնական շարունակությունն է տարոնականության գաղափարախոսությունը։

Եզրի ծագում ու մեկնում



«Ցեղակրոնություն» եզրի, ինչպես նաև գաղափարախոսության հեղինակն է Գարեգին Նժդեհը։ «Ցեղ» և «կրոն» գոյականների միացումով է կազմվել «ցեղ-ա-կրոն» բառը և դրա ընտրությունը։ Նժդեհի համար «ցեղ» հասկացողությունը մարդաբանության կողմից տված սահմանումից ավելի լայն է։ Առհասարակ, ըստ Նժդեհի, «դժվար է այն սահմանել գիտական լեզվով. այստեղ միայն հարաբերական գիտականության մասին խոսք կարող է լինել»։ Նժդեհին «բավարար չեն հին եզրերը», քանզի նրանցով չի կարելի ընդգրկել ցեղի ողջ խորությունը։ Ըստ նրա ընդհանրացումների՝ «ցեղն ավելի՛ հոգի է, քան՝ կավը» (այսինքն՝ նյութը)։ Ըստ Նժդեհի, ցեղը նախաստեղծ է և գոյություն ունի արարչագործության սկզբից։ Ցեղակրոն լինել, ըստ Նժդեհի, նշանակում է կրել անհատի մեջ ցեղը, նրա որակները, բարոյականը, կրել այն ամեն ցեղային-հայկականը, որն առկա է հայոց պատմության ողջ ընթացքում։ «Կրոն» բառի արմատը «կրել»-ն է և հայերենում կան նման կարգի այլ բառեր ևս՝ հոգեկրոն, խաչակրոն, մոլեկրոն, նյութակրոն, մաքրակրոն, խստակրոն, կուսակրոն։ Ցեղակրոնությունն ավելին է, քան ցեղապաշտությունը կամ հայրենապաշտությունը. այն վերջիններս ներառում է իր մեջ։ Այդ պատճառով Նժդեհը «ազգասիրություն», «հայրենասիրություն» և նման կարգի այլ բառերի փոխարեն նախընտրել է «ցեղակրոնություն» եզրը:

Նպատակներ և գաղափարախոսություն



Ցեղակրոնությունը կառուցված է հետևյալ տրամաբանական հաջորդականությամբ
Ես ճանաչում եմ իմ ցեղը, ես հավատում եմ իմ ցեղին, ես պաշտում եմ իմ ցեղը, ես ցեղակրոն եմ։
Ցեղակրոնությունը սկսվում է ցեղի ճանաչումով՝ ցեղի պատմության, մշակույթի, կենցաղի, նրա արժեքների ու արժանիքների, նրա ներկայի և ձգտումների, ճանաչումը համաշխարհային քաղաքակրթության մեջ հայ ցեղի բերած պատկառելի ավանդի ճանաչումն է։ Ցեղաճանաչությունը նաև հայ ցեղի թերությունների ճանաչումն է, և ցեղակրոնությունը՝ ցեղային վերաշինության փորձ է կատարում։ Ցեղակրոնությունը անհատի ինքնաճանաչումը բխեցնում է ցեղաճանաչումից, քանի որ ինքն իրեն ճանաչելու համար մարդը նախ պետք է ճանաչի իրեն ծնող հավաքականությունը, այսինքն՝ ցեղը, որի ընդհանրական հատկանիշները պայմանավորում են տվյալ մարդու անհատական կերտվածքը։ Ցեղի ճանաչումից է բխում ցեղահավատությունը, այսինքն՝ հավատը հայ ցեղի ուժի, հանճարի, նրա կամքի և կարողությունների, նրա ապագայի և հավիտենականության նկատմամբ։ Հավատալ ցեղին նշանակում է ունկնդիր լինել նրա ձայնին, հաղորդակցվել նրա հետ, հաղորդակից լինել նրա ուժին և հանճարին, նրա ցավին ու հրճվանքին, դժբախտություններին ու մեծագործություններին, այսինքն՝ լինել ցեղահաղորդ։ Ցեղահաղորդությունը վտանգի պահին ցեղի ձայնը, մռնչոցը լսելու ու դրան հետևելու կամքն է։ Հաղորդակից լինել ցեղին նաև նշանակում է նրանով որոշել սեփական երջանկությունն ու ազատությունը

Ցեղակրոնության երկու սկզբունք



Ցեղակրոնության հիմքում ընկած են երկու հիմնարար սկզբունքներ.



Ցեղակրոնության հավատամքը



Նժդեհը ցեղակրոնության հավատամքը ներկայացրել է իր «Ամերիկահայությունը. ցեղը և իր տականքը» գրքում, որտեղ նա բերել էր 27 կետ։ «Ցեղակրոն Ուխտեր»-ին անդամակցում էին ցեղակրոնության հավատամքը ընդունող երկսեռ հայորդիներ։

Ա

Ես ցեղակրոն եմ - և ահա երդվում եմ Վահագնի աջի վրա երբեք չմեղանչել ուխտիս դեմ - ապրել, գործել և մեռնել, որպես ցեղամարդ։

Բ

Ինձ համար անհատականության և ազատության ամենաբարձր արարքը - դա հնազանդվելն է ցեղիս։

Գ

Ես ցեղաճանաչ եմ, և ահա՝ գիտեմ, թե մեծ է իմ ցեղը, թե իմ ցեղն ավելին է տվել մարդկության, քան ստացել է նրանից. գիտեմ, որ հայոց նորագույն հեղափոխությունը վերջին գործը չէ իմ ցեղի էության. գիտեմ, թե ի՞նչ բաների ատակ է իմ ցեղը։

Դ

Ես ցեղահավատ եմ և ահա պաշտում եմ և մի այլ աստվածություն - ցեղիս արյունը, որի անարատության մեջ է իմ ցեղի ապագան։

Ե

Ես ցեղահաղորդ եմ և ահա զգում եմ, որ իմ անձը ավելի իմ գերագույն ծնողին - իմ ցեղին է պատկանում, քան իմ անմիջական ծնողներին։

Զ

Իմ ժողովրդի քաղաքական ճակատագրով զբաղվելու պարտականությունը ունեմ ես և ահա պայքարում եմ մի մեծ ճակատագրի համար, որին արժանի է իմ ցեղը։

Է

Ցեղակրոն եմ, ասել՝ ուր էլ որ լինեմ, ընկերային ինչ դիրք էլ որ ունենամ, ես խանդավառորեն կմնամ հպատակն ու մարտիկն իմ ցեղի։

Ը

Հայաստանից դուրս, սփյուռքի մեջ, ինչ վիճակում էլ որ լինեմ՝ մեծահարուստ, բարեկեցիկ թե օրավարձով աշխատող բանվոր՝ անդարձ պանդխտություն չեմ համարի տարագրի կյանքս։ Չէ՛, վերադարձ կա։

Թ

Կդավանեմ, որ իմ սերունդը ավելի մեծ պարտականություն ունի, քան ուներ անցնող ազատագրական սերունդը։ Պարտականության մեջ՝ ցեղակրոնի իմ բաժինը - առյուծի բաժինն է, ամենամե՛ծը։

Ժ

Ցեղակրոնը, որի նշանաբանն է - ավելի, է՛լ ավելի զորություն - պաշտամունք ունի իր ցեղի մարտական ուժի հանդեպ։

ԺԱ

Զոհապաշտ եմ ես և ահա երկյուղածորեն կոգեկոչեմ նրանց, որոնց պաշտամունքը հավիտենական է, որոնք առյուծածին իրենց արիւոյթան մեջ, աստվածացան իրեն հոյակապ նվիրումով - որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար։

ԺԲ

Ցեղակրոնն էլ է ձգտում երջանկության - տեսնել թե ինչպես աճում է իր ժողովրդի զորությունը և արդարորեն ընդարձակվում է Հայաստանը

ԺԳ

Ցեղով է ապրում, ստեղծագործում և հավերժանում ժողովուրդը։ Մարդկային մշակույթի գործում զորութենական ուժ է ցեղայնությունը։ Արդ, թե ինչու ցեղային անհատականության եղծումը ցեղակրոնը համարում է ոճիր՝ ուղղված մարդկության և, ի մասնավորի, իր ժողովրդի դեմ։

ԺԴ

Ցեղակրոնը խորշում է այն բոլոր վարդապետություններից և հոսանքներից, որոնք միտում են մեր նորահաս սերունդը հեռու պահել ցեղի կազդուրիչ ստինքէն - կաթէն։ Նա խորշում է հայ իրականության մեջ զեռացող այն բոլոր ուժերին, որոնք թեպետև հասարակական դիրքով հակոտնեայ, բայց ընդհանուր հոգեբանությամբ միացած ճակատ է հարդարած մեր լուսավոր ազգայնականության դեմ։

Ավելի՛ պարզ։ Ազգայնականության երկու ձևերից - ազգայնական անհատապաշտություն և եսապաշտություն - ցեղակրոնը ողջունում է առաջինը, որն այլ բան չէ, եթե ոչ ազգ-անհատի արդար և արգասավոր ձգտումը՝ հավատարիմ մնալ իր ցեղի ոգուն, կատարելագործել իր պատմական տիպը և պաշտպանել իր հավաքական անձի ազատությունը։ Ցեղակրոնի այդ ձգտումը լիովին համապատասխանում է համամարդկային բարոյականի և առաջադիմության բարձր սկզբունքներին։

ԺԵ

Մե՛ծ է ցեղակրոնի իմ թշնամանքը, ինչպես մե՛ծ է իմ պաշտպամունքը։ Ցեղիս թշնամիր են թուրքը, բոլշևիկը և սրանց հայադավ գործակալները ամեն անվան և ծպտումի տակ, որոնց վճռաբար կհակադրեմ իմ զորութենական ցեղապաշտությունը։
– Ինձ համար գոյություն ունի հարցերի հարցը՝ հապա բախտահաս թո՞ւրքը։
– Ես խորշում եմ բոլշևիզմից, որովհետև հակամարդկային է։ Երիցս ատում եմ դա, որովհետև հակահայ է՝ թուրքի չափ, որովհետև թուրքի հետ զինակցած մտավ Հայաստան, որովհետև նրանից ցայսօր օգտվեց ցեղիս գերեզմանափորը - թուրքը, միա՛յն թուրքը։ Ցեղադրուժ բոլշևիզմը իր շինական հրաժարիմնք ունի.
Ես՝ իմ վճռական այո՛ն ցեղիս.
Նա իր թուղթը անզոր եղիցի՛ն ունի.
Ես՝ իմ հանապազօրյա ազատագրական աշխատանքը ցեղիս համար։
Զգալիորեն բացասական է բոլշևիզմը և դիմազուրկ՝ հոգեպես։
Ցեղակրոնը մարդկության ներկայանում է ցեղադրոշմ ճակատով։

ԺԶ

Պարտողականություն, կրավորական տառապանք, սարսափի հոգեբանություն, լալկանություն, մտքի անիշխանականություն, կրոնական անդենականություն, դասակարգային և հարևանական եսականություն - այդ ամենից խորշելով խորշում է ցեղակրոնը։

ԺԷ

Ցեղակրոն եմ, ասել՝ պարտիմ, կամիմ, կարող եմ գերազանցել և պե՛տք է գերազանցեմ ցեղիս թշնամիներին - նա՛խ թուրքին։

ԺԸ

Ուժապաշտ՝ տկարություն ու նահանջ չի ճանաչում ցեղակրոնը։ Նրա մոտ կենդանի է ծարավը՝ ուժի, քաղցրությունը՝ զոհաբերության և ճիգը՝ ցեղի ուժերի կենտրոնացման։ Արտաշեսյան իր նախնիների մեծության հետամուտ՝ նա պատկառում է իր ցեղին և աշխատում ամենուրեք արժանավորապես ներկայացնել դա։

ԺԹ

Նրա համար նվիրական է հայոց նորագույն քաղաքական գոյառության օրը - մայիսի 28-ը - և այն խորհրդանշող սրբազան Եռագույնը, որը է՝ սրբություն, քաղաքական դա՛տ և վախճանաբանությո՛ւն միաժամանակ։

Ի

Հայ մարդու հետ ցեղակրոնը խոսում է հայերեն, որովհետև գիտակցում է, թե լեզվի մահն արագացումն է ժողովուրդների հոգևոր մահը։

ԻԱ

Ինքնամսխումի մեջ ազատ չէ՛ ցեղակրոնը։
Քաջառողջ լինելու իրավունք և պարտականություն ունի նա, որի ձեռքին է գալիք սերունդների ճակատագիրը։

ԻԲ

Նրա համար նախասիրելի են ա՛յն գիտությունները, արվեստները և արհեստները, որոնք կարելի է ծառայեցնել իր ցեղի հզորության և հաղթանակին։ Ցեղակրոնը՝ մարտիկ է կամ պատրաստվում է դառնալ այդպիսին։

ԻԳ

Անձնական կամքի մշակությամբ՝ ցեղակրոնը սատարում է հայ ոգու հսկայացմանը։
Ցեղի կամքի աստվածացումը - ահա՛ թե ինչի է ձգտում նա։
Այդ անմեռ կամքին ահա՛, որ չմեռավ դաժան դարերի հարվածների տակ և չթողեց որ հայության մեջ Մամիկոնյանների ռազմաշունչ ոգին մեռնի, ցեղակրոնն ասում է վճռաբար՝ այո՛ և ամե՛ն։

Ցեղակրոնի երդումը



Հա՛յ եմ:
Ես ավանդապահն եմ Հայոց ազնիվ արյունի:
Ես ժառանգորդն եմ ու տերը Հայաստանի:
Ես պահակն եմ Ցեղիս հոգևոր հարստության ու դրոշակակիրը նրա պատմական կոչումի:
Ես կդավանեմ ու կպաշտեմ Ցեղիս ստեղծագործ Աստվածը:
Ցեղս մեծ է ու արժեքավոր:
Ուժի անսպառ աղբյուր է նա, գիտակցության ջահ, առաջնորդ և ապավեն:
Ցեղս արյունի սրբազան միությունն է, որը ճակատ կհարդարի թշնամու դիմաց և կվերացնի ներքին պառակտումները:
Ցեղս ընկերային արդարության անշեղ դատավորն է, որ կմերժի դասակարգային ամեն հասկացողություն:
Հայաստանը հարազատ մայրն է ամեն Հայի՝ պարգևաբաշխ ու լիառատ:
Ցեղակրո՛ն եմ:
Ես նվիրված եմ Ցեղիս պայքարին ու հաղթանակին:
Իմ կյանքը, կարողությունները ու նվաճումները - դիրք, փառք և հարստություն - կպատկանեն ու կծառայեն ո՛չ թե ինձ, այլ՝ Ցեղիս:
Իմ գոյությունը մեկ նպատակ ունի միայն - անաղարտ պահել երակներիս արյունը և Ցեղս տևականացնել:
Իմ կյանքը մեկ արդարացում ունի միայն - տիրանալ հայրենի հողին և կառչել նրան:
Իմ մեծագործ նախահայրերի պատմությունը, մշակույթը և լեզուն ինձնով չեն վերջանա, այլ՝ կշարունակվեն ու կծաղկեն ինձնով:
Ես կլսեմ կանչը իմ վտանգված Ցեղի:
Արյունիս մեջ կզգամ պայքարի կրակը և հոգուս մեջ՝ արևը հավատքի:
Ցեղիս ու Հայրենիքիս համար պատրաստ եմ գործելու և մեռնելու:
Որոշումս անդարձ է, կամքս՝ անընկճելի:
Ահա՛ կուխտեմ Մամիկոնյան զորավարների մեռնելու ուխտով. «Քաջությամբ մեռցուք ի վերայ աշխարհիս մեր և ի վերայ ազգիս մեր և մի՛ տեսցեն աչք մեր կոխան ոտից պղծալից լեալ զսրբարանս մեր»:
Ուխտեցի՛:
Հետևեցե՛ք ինձ:



Ցեղակրոնությունն ու անհատը



Ցեղակրոնությունը անհատից պահանջում է անխախտ միություն իր ցեղի հետ՝ վերջինիս ճանաչելով որպես գերագույն ծնող։ Այս առումով, ցեղակրոնությունը ընտանիքը դիտում է որպես միջոց՝ ցեղի հզորացման համար և գտնում, թե ընտանիքի զավակներն ավելի պատկանում են ցեղին՝ գերագույն ծնողին, քան անմիջական ծնողներին։ Ցեղակրոնությունը ցեղի հավաքական բախտավորությամբ է պայմանավորում անհատի բաղձալի երջանկությունը, որն է՝ «տեսնել թե ինչպե՛ս է աճում և իր ժողովրդի զորությունը և արդարորեն ընդարձակվում է Հայաստանը»։ Ըստ ցեղակրոնության, անհատի ազատության և նրա՝ որպես անհատականության ինքնադրսևորումի մեծագույն չափը, «ամենաբարձր արարքը»՝ հնազանդվելն է ցեղին։ Այլ խոսքով, անհատն ազատ է այնքանով, որքանով չի հակադրվում ցեղի շահերին և չի վնասում նրա բարոյականը և նրա ինքնադրսևորումը պետք չէ վերածվի ցեղամերժ եսականության։ Որպես ցեղի ապագայի նկատմամբ հավատ սերմանող բարոյախոսություն, ցեղակրոնությունը չի քարոզում անզոր ճակատագրապաշտություն, այլ պարտավորեցնում է՝ պայքարով կերտել այն մե՛ծ ճակատագիրը, որին արժանի է ցեղը։ Ցեղակրոնությունը անիմաստ է համարում ցեղի նկատմամբ հավատը, ցեղապաշտությունը, ցեղային հպարտությունը, եթե այդ ամենը վերացական են, դատարկախոսություն ու չեն դրսևորվում իրական կյանքում և անհատական վարքում։ Ճանաչելով ցեղի արժեքներն ու բարոյականը, անհրաժեշտ է նաև կրե՛լ դրանք, ապրե՛լ դրանցով՝ ապահովելով մտքի, խոսքի և գործի ներդաշնակությունը։ Իսկ ապրել ցեղի ձգտումներով, նրա արժեքներով ու բարոյականով, դրան կենսաձև դարձնել կնշանակի կրել անհատի մեջ ցեղը, այսինքն լինել ցեղակիր-ցեղակրոն։

Հայության երեք տեսակները ըստ ցեղակրոնության



Ցեղակրոնությունը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք մասերի՝ ազգային-ցեղային (ցեղը), տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը) և ամբոխացած, հակազգային (տականքը)։ Արդի հայությունը, ըստ ցեղակրոնության, գերազանցորեն հանդես է գալիս որպես հայ ժողովուրդ, այսինքն՝ հայկական որևէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու։ Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձևով նկատվում է որպես հայ ցեղ (ազգ)։ Հայության մի հատվածն էլ կազմում է տականքը։ Ցեղամարդու գաղափարատիպ տեսակն է ցեղակրոնը։

Ցեղակրոնը



Ցեղակրոնը ցեղամարդ հայի գաղափարատիպ տեսակն է։ Ցեղակրոնը չի՛ սարսափում միջավայրի այլասերիչ ազդեցությունից, քանզի գիտի, որ այն անզոր կլինի ուծացնել, եթե նա ապրում է ցեղորեն։ Ցեղակրոնը ատում է վախկոտություն։ Պատահական չէ, որ Ցեղակրոն Ուխտերում խստիվ արգելված էր «մի՛ վախնար» խոսքը, քանզի ցեղակրոնի հասկացողությամբ վախենալ մեկի համար կնշանակի անպատվել նրան։ Ցեղակրոնը թշնամի է ճանաչում թուրքին, բոլշևիկին և դրանց հայադավ գործակալներին։ Նա ժխտում է բոլոր այն հոսանքներից, կրոններից ու վարդապետություններից, որոնք ժխտելով ազգերի անհրաժեշտությունը։ Ցեղակրոնը ցեղի և հայրենիքի համար մեռնելու բացարձակ կամք ունի։ Նրա համար սրբազան են հայրենիքի անկախության գաղափարը և այն խորհրդանշող նվիրական Եռագույնը։ Ցեղակրոնը գիտի, որ Հայրենիքի իրական անկախությունը արյամբ և զոհաբերությամբ են նվաճվում։ Ցեղակրոնը իր ցեղակցի հետ ընտանիք կազմելու և սերունդ տալու պարտավորություն ունի, քանզի գիտի, որ սերնդատվությամբ է ապահովվում ցեղի շարունակությունը։ Ցեղակրոնը որևէ գիտության, արվեստի կամ արհեստի մշակ չէ, այլ դրանք իր ցեղին ծառայեցնելու ձգտող անխոնջ մարտիկ։ Ցեղակրոնը հնազանդ է ցեղին, որին սիրում է իր կյանքից ավելի։ Ցեղի կա՛մքը - ահա նրա գերագույն հրամայողը, դա ցեղի հաղթանակելու ու հարատևելու կամքն է։ «Քիչ է խոսում ցեղակրոնը, որովհետև գործնաշատ է», նա դատարկախոս չէ՛ և խոսում է միայն «ուսանելու և ուսուցանելու համար, իսկ ուսանում և ուսուցանում է գործելու համար»։ Ցեղակրոնը քարոզիչ է։ Ցեղակրոնը քարոզչության հիմնական նպատակը նոր ուխտակից գտնելն է։ Նրա քարոզչությունը առավելապես անձնական օրինակի քարոզչություն է։

Ցեղամարդը (ցեղը)



Ցեղը հայության ընտրանին է՛ սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում։ Նա՛ է իր մեջ կրում հայկականություն և այն փոխանցում սերունդներին։ Ցեղի համար՝ անփոխարինելի՝ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ։ Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս։

Ժողովուրդը



Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող մասն է։ Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի։ Ժողովուրդն է ապրում է առօրյայով, ցեղը՝ հավիտենականով, նա՝ օրվա մտածոմներով, սա՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով և օրվա հարատև պայքարով միաժամանա՛կ։ Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, ցեղը՝ համահայկական շահերով։ Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունների խառնամբոխ է, իսկ ցեղի մեջ չկա՛ն տիրող և հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններ, այլ կա՛ն միայն հայեր։ Ժողովուրդն արդարություն և ապրելու իրավունք աղերսող է, ցեղը՝ դրան նվաճող և հաստատող։ Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, իսկ ցեղը չի՛ հանդուրժում ստրուկի շղթաները, նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները։ Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, իսկ ցեղը բնազդորեն գտնում է ելքը։ Նա ընդունակ չէ՛ կանխատեսելու վտանգը, իսկ ցեղը՝ նախազգում է այն։ Ժողովուրդը մեծարում է միջակություններին, ցեղը՝ միայն իր հանճարներին։ «Ժողովուրդը դպիրներ է ծնում, իսկ ցեղը՝ մարգարեներ»։ Ժողովուրդը արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում կամ երեկվա սրբությունները, ամբոխային կուրությամբ, այսօր ոչնչացնում։ Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը հավերժացնողը։ Ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով, իսկ ցեղը համակ է հպարտանքի զգացումով և լի՝ վճռականությամբ։ «Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, ցեղը՝ ազգայնացնում է իր ընդունածը»։ Եվ որքան հայության մեջ բարձր է ցեղի տեսակարար կշիռը, այնքան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես ազգ։ Իսկ ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին՝ նրան դարձի բերելով, դեպի ցեղը կողմնորոշելով։ Եվ այդպիսով ցեղակրոնության գերխնդիրը հայ ժողովուրդ ցեղայնացնելն է։

Տականքը



Տականքը հայության ազգուրաց տարրն է, ցեղի ներքին թշնամին՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին- անդիմագիծ՝ որպես հայ և զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չունեցող, բայց մշտապես իրավունքներից ճամարտկող։ Նա ազգային պատկանելիություն չունի և եթե խոսում է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձև դեռ չի գտել։ Նյութակրն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է։ Տականքը հայրենիք չի՛ ճանաչում։ Այդ շերտին Հայկ Ասատրյանը անվանել է «ցեղանեն շեյթան»։ Դա հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած։

Ցեղակրոնի պաշտամունքներ



Ցեղակրոնությունը գերագույն սրբություն է ճանաչում և հռչակում Ցեղին։ Ցեղակրոնության էական մասն է կազմում ցեղապաշտությունը. պաշտամունքը ցեղի որակների, արժեքների ու սրբությունների։ Գոյություն ունի 7 պաշտամունք։

1. Հայրենապաշտություն



Հայրենապաշտությունը նվիրական պաշտամունքն է այն հողի, որի վրա բնականորեն առաջացել է Հայ ցեղը, որի վրա նա կերտել է իր պատմությունը և ստեղծել իր մշակույթը, որում ամփոփված են իր զավակների աճյունները և որի սիրո ու ազատության համար զոհաբերվել են մեր մեծ մեռելները։

2. Արյան պաշտամունք



Ցեղակրոնության մեջ Ցեղի արյունը աստվածություն է, քանզի սրանով է նաև պայմանավորված Ցեղի հոգեմարմնական կերտվածքը։ Ցեղակրոնությունը քարոզում է պաշտամունք Ցեղի արյան նկատմամբ, որի անարատության մեջ է տեսնում մեր ցեղի ապագան։

3. Լեզվի պաշտամունք



Լեզվի հարցում Ցեղակրոնությունն անզիջում է. նա հայից պահանջում է՝ հայ մարդու հետ խոսել հայերեն, հիշեցնելով, թե լեզվի մահը արագացնում է ժողովուրդների հոգևոր մահը։ Այդ մտահոգությամբ՝ նա պահանջում է պաշտամունք դեպի մայրենի լեզուն, որի մաքրությամբ և իմաստավորմամբ է պայմանավորված մեր ցեղի հոգևոր ապագան։ Ցեղակրոնությունն կարևորում է հայերեն բառերի գաղափարային իմաստի, նրանց մշակութային տարողության վերծանումը՝ դրա չգոյությունը համարելով հայ բանասիրության թերին]։

4. Զոհապաշտություն



Դա պաշտամունքն է մեր ցեղի սրբազան մեռելների, «որոնք առյուծ ացան իրենց արիության մեջ, աստվածացան իրենց հոյակապ նվիրումի մեջ, որոնք իրենց արյունը շռայլեցին մեր ցեղի գոյությունը և պատիվը հավիտենականացնելու համար»։

5. Նախնիապաշտություն



Ցեղակրոնությունը մեծագույն վատություն է համարում հոգևոր խզումը հին ու նոր սերունդների միջև, որով խախտվում է Ցեղի երեկվա ու վաղվա օրգանական կապը։ Նժդեհը գրում է.
նորահաս սերունդը կտրվե՞ց անցնող կամ անցած գնացած սերունդներից՝ նա էապես կտրվում է մինչ այդ գոյություն ունեցող Ցեղի արժեքներից ու սրբություններից... Հին սերունդից կտրվողը դառնում է հոգեպես անհող և անուղի։ Էականը հոգեհաղորդակցությունն է սերունդների միջև, որի շնորհիվ վերջինները փոխանցում են Ցեղի հավիտենական բոցը...


6. Ուժապաշտություն



Ցեղակրոնությունը քարոզում է ուժի՛ պաշտամունք, քանզի աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին՝ հոգով, մտքով և բազկով ուժեղներին. հաղթում է ուժեղը և ո՛չ արդարը։

7. Առաջնորդապաշտություն



Ցեղակրոնության մեջ պաշտամունքի է ենթակա նաև Ցեղի ճշմարիտ առաջնորդը, որի աջն է գծում ճակատագիրն ազգերի, որին են պարտական ազգերն իրենց վերելքներն ու անկումները։ Եվ Ցեղակրոնությունը պահանջում է՝ հնազանդվելով Ցեղի կամքին՝ գիտենալ հնազանդվել նաև Ցեղի առաջնորդին, որ կրողն ու ուսուցիչն է ցեղային բարոյականի։

Ցեղակրոնությունը և կրոնը



Ցեղակրոնությունը կրոն չէ՛: Այն գերազանցապես աշխարհիկ ուսմունք է, «իսկ եթե կրոն է դա, ապա դա կրոնն է ցեղային հպարտության, ուժի և արիության»]։ Նժդեհը հայ հին հավատքին վերադառնալու կոչ չի անում, քանզի հասկանում է դրա միամտությունն ու հնարավոր վտանգավոր հետևանքները։ Այնուհանդերձ, նա չի՛ թաքցնում իր համակրանքը դեպի հայոց հին կրոնը և հայերի հեթանոս անցյալը։ Նա գրում է.
Այս կամ այն ցեղը մոտավոր ճշտությամբ դիմագծելու համար, նրան պիտի դիտել իր հոգու հայելիի՝ իր կրոնի մեջ... Իր մտա-բարոյական զարգացման չափով, ցեղն իր կրոնի մեջ դնում է իր հոգեբանական գծերը, իր աշխարհզգացությունը, իր բնազանցական էությունը։ Հայը լինելիական է, հաստատում է հայոց հեթանոս կրոնը։ Լինելիակա՛ն է հայը - ահա՛, ակն ու աղբյուրը մեր մեծ Հույսի և Զորույթի։
Նժդեհը հիացմունքով է խոսում «նախաքրիստոնեական հայու անգերազանցելի մարդկայնության և բարձրորեն ասպետական ոգու մասին»։ «Վահագնա-Անահտական Հայաստանում ես տեսնում եմ այնպիսի հոգեգծեր, առաքինություններ, որոնք պիտի բաղձյալ մեր՝ որքան գոռոզ, այնքան հոգեպես աղքատ ու տմարդի դարաշրջանին»։ Նժդեհը հակաքրիստոնյա կամ հեթանոս չէ, բայց նաև Քրիստոսի ուսմունքի մոլեռանդ պաշտպանը չէ։ Հայերին նա համարում է «զոհը քրիստոնեական բարոյախոսության, որ շարունակվում է մնալ որպես ներկ և շպար, որպես քող և դիմակ ուժեղների հոգու համար»։ Նա հարգում է Քրիստոսին՝ իբրև գաղափարի հերոս, իբրև Աստվածամարդ, նվիրաբերող, զոհագործող քաջ արի հերոսը ու հավիտենականության սերմնացանը։ Նժդեհը, որպես ցեղակրոնության հիմնադիր, գրում էր.
Քրիստոսը սիրում էր, որովհետև ուժեղ էր, նա սիրում էր, որովհետև սիրելու և ներելու չափ հզոր էր... Նա զոհաբերեց, որովհետև գաղափարի հերոս էր։ Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել։
Ինչպես նաև
Վերացնելով մահվան ու կյանքի միջև գոյություն ունեցող անջրպետը, Նազովրեցին ժխտեց մահը, որով և հանդիսացավ հավիտենական սերմնացմանը ոգու հսկաների՝ սրբերի, նահատակների, հերոսների։